Հարցազրույցներ
09.07.24, 11:35

Մեր ուժերի առավելագույն լարումով աշխատանքի միջոցով ենք ձգտում ներդրում ունենալ մեր զինված ուժերի հզորացման ու մարտունակության ամրապնդման գործում․ Արման Ասլանյան

Մեր ուժերի առավելագույն լարումով  աշխատանքի միջոցով ենք ձգտում ներդրում ունենալ մեր զինված ուժերի հզորացման ու մարտունակության ամրապնդման գործում․ Արման Ասլանյան

ՀՀ Քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի շրջանակում "Հայ զինվոր" հանդեսը զրույցել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ ԱՐՄԱՆ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

Պարոն Ասլանյան, արդեն 10 տարի է՝ մեր երկրում գործում է Քննչական կոմիտեն։ Ի՞նչ ազդեցություն է ունեցել քննչական անկախ մարմնի ստեղծումը քրեական արդարադատության համակարգում։

– Շնորհակալ եմ: Օգտվելով առիթից՝ նախ՝ թույլ տվեք շնորհավորել ՀՀ քննչական կոմիտեի ողջ անձնակազմին՝ 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Ցանկությունս է, որ ՀՀ քննչական կոմիտեն շարունակի ինքնազարգացման իր աներեր ընթացքը՝ ի շահ մեր պետականության իրավական անվտանգության և մեր ժողովրդի բարօրության։ Իսկ գործընկերներիս տոկունություն, հաստատակամություն եմ մաղթում, այս դժվար, բայց պատվաբեր ու հայրենանվեր աշխատանքում։ Հավանաբար գիտեք, որ վերջերս Քննչական կոմիտեի նախագահն այցելել էր Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողների հետ: Հանդիպմանը հետևել են մի շարք միջոցառումներ, որոնցով տրվել է Կոմիտեի 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների մեկնարկը: ՀՀ Քննչական կոմիտեն դժվար, բայց պատվաբեր ու հայրենանվեր աշխատանք է իրականացնում և իր ուրույն դերն ունի քրեական արդարադատության ոլորտում: Կոմիտեն միավորել է պետական գերատեսչությունների կազմում իրենց գործունեությունն իրականացնող քննչական մարմինները՝ ապահովելով միասնական մոտեցումներով քննչական աշխատանքը կամ նախաքննության կազմակերպումը: Տարիներ շարունակ մեծածավալ աշխատանք է կատարվել կոմիտեի ծառայողների մասնագիտական կատարելագործման և դրանով իսկ քննության որակի բարձրացման ուղղությամբ: Կարելի է փաստել, որ ներկայումս ունենք կայացած նախաքննական մարմին, որը շարունակում է իր մասնագիտական զարգացմանն ուղղված քայլերը:

- Անցած տարիների ընթացքում ինչպիսի՞ գործունեություն է իրականացրել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը, որո՞նք են հիմնական արդյունքները։

-Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումները սահմանված կարգով, արագ արձագանքել են զինված ուժերում կամ պետական սահմանին արձանագրված ցանկացած դեպքի: Մեր քննիչներն իրենց պարտականությունները կատարել են ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական գործողությունների ընթացքում: Մասնավորապես՝ 2016 թ. ապրիլին, 2020 թ. սեպտեմբերին և հաջորդող տարիներին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում մեր քննիչները, վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, արել են առավելագույնը, որ արձանագրված յուրաքանչյուր հանցավոր դեպք համապատասխան իրավական գնահատական ստանա։ Շարունակելով կառույցի ներսում մինչ այդ արդեն իսկ ձևավորված դրական ավանդույթները՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը նպաստել է կոմիտեի կայացմանը, պատվով կատարել իր առջև դրված խնդիրները:

-Ձեր ղեկավարած գլխավոր վարչության գործառույթները նախկինում իրականացնում էր պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը։ Ձեր գնահատմամբ՝ անցումը Քննչական կոմիտե ինչպե՞ս է ազդել զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության որակի վրա։

-Անկախ մարմնի ձևավորումն, իհարկե, դրական է ազդել մեր աշխատանքի վրա, թեև, պետք է նշեմ, որ մինչ այդ էլ զինվորական քննիչները անհանդուրժող պայքար են մղել զինված ուժերում հանցագործությունների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ: Սակայն հանրային ընկալման տեսանկյունից գերատեսչական շահի հնարավոր գործոնն այլևս չի կարող շահարկելի լինել, ինչը կարևոր է կատարվող նախաքննության օբյեկտիվության մասին հանրային պատկերացումների ձևավորման իմաստով։ Այժմ մեր հաղորդակցությունը պաշտպանական գերատեսչության հետ շատ հաճախ է ու հագեցած։ Նախաքննության ընթացքում պարզելով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները՝ քննիչը դրանք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագիր է ուղարկում համապատասխան պաշտոնատար անձին կամ իրավաբանական անձի ղեկավարին: Պաշտպանության նախարարության հետ գործակցությամբ փորձում ենք նվազեցնել զինված ուժերում հանցածին դրսևորումները։

Քանի որ զինված ուժերում հանցավորության կառավարելիությունը, կանոնադրական պատշաճ հարաբերությունների պահպանումը մեծապես կախված է արձանագրվող հանցագործությունների բացահայտման, պատժի անխուսափելիության ապահովումից՝ ուժերի առավելագույն լարումով ենք կատարում մեր աշխատանքը։ Այդ կերպ ձգտում ենք մեր ներդրումն ունենալ զինված ուժերի հզորացման ու մարտունակության ամրապնդման գործում։

-Որո՞նք են զինված ուժերում ամենալուրջ հանցածին գործոնները։ Կոմիտեն, իր գործառույթների շրջանակում, ի՞նչ լուծումներ է առաջարկում։

– Զինված ուժերում հանցագործությունների պատճառների վերհանումը և դրանց դեմ պայքարն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Հանցածին գործոնները տարբեր են՝ ժամկետային զինծառայողների մտածելակերպը, տարիքային տարբերությունը, հաճախ ինքնահաստատման փուլում գտնվելը, անհանդուրժողականությունը և այլն: Վարչության ծառայողները պարբերաբար իրավակարգի ամրապնդմանն ուղղված դասընթացներ և կանխարգելիչ զրույցներ են վարում զորամասերում ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ՝ սպաների հետ:

-Պարո՛ն Ասլանյան, հաջողվե՞լ է պարզել ապրիլյան մարտական գործողությունների, 2020 թ. պատերազմի, ինչպես նաև դրանից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի տարատեսակ դրսևորումների իրական հանգամանքները, որոնք կարևոր են ոչ միայն հակառակորդի գործողություններին իրավական գնահատականներ տալու, այլ նաև մեր նախկին սխալները բացառելու առումով։

-Նշված ժամանակահատվածներում դեպքերի քանակն ու քննության առանձնահատկություններն իրենց ծավալներով աննախադեպ են։ Արձանագրված դեպքերով նախաձեռնվել են բազմաթիվ քրեական վարույթներ, որոնց ընթացքում կատարվել են բազմահազար քննչական և այլ վարույթային գործողություններ: Արդեն վստահորեն կարելի է ասել, որ մեր քննիչների աշխատանքի շնորհիվ մեծամասամբ հաջողվել է լուծել զինվորական քննչական գլխավոր վարչությանն առաջադրված խնդիրը։ Պարզվել են դեպքերի և իրադարձությունների իրական հանգամանքները, հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա մի շարք զինծառայողների (անձանց) նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում։ Բազմաթիվ քրեական վարույթներ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, որի հաստատումից հետո՝ դատարան:

-Ի՞նչ փուլում են 44-օրյա պատերազմի և Լեռնային Ղարաբաղում 2023 թ. սեպտեմբերին կատարված իրադարձությունների վերաբերյալ քննությունները։

-44-օրյա մարտական գործողությունների վերաբերյալ հատուկ կարևորությամբ գործերով վարչությունում քննվող քրեական վարույթների քննությունը հիմնականում ավարտվել կամ ավարտական փուլում է։ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում իրականացված ագրեսիայի և հետագայում հայ բնակչության էթնիկ զտման փաստով նախաձեռնված քրեական վարույթների քննությունը շարունակվում է:

-Պատերազմական հանցագործությունների քննությունը, հասկանալի է, զգալիորեն ծանրաբեռնել է քննիչներին։ Ինչպե՞ս եք կարողացել լուծել այդ խնդիրը, որպեսզի նախաքննության որակը չտուժի։

-Ռազմական դրության կամ մարտի պայմաններում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթները տարանջատվել են ըստ ուղղությունների, դրանց հիմնական մասի քննությունը հանձնարարվել է գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությանը: Վարույթներով կազմված քննչական խմբերն իրականացրել և ներկայումս էլ շարունակում են ակտիվ քննչական գործողությունները: Աշխատանքի համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները։ Արվում է ամեն ինչ, որ քննիչները կատարեն օբյեկտիվ, համակողմանի և ամենակարևորը՝ որակյալ քննություն: Նշված վարույթների առանձնահատկությունն այն է, որ հստակ դեպքերով զինծառայողների գործողություններին իրավական գնահատական տալու համար քննիչները օրենքներից և օրենսգրքերից բացի պետք է տիրապետեն նաև զինված ուժերում գործող իրավական չափորոշիչներին և կանոնադրություններին: Բացի այդ, ռազմական դրության կամ մարտի պայմաններում քրեական վարույթներով կատարվող քննչական գործողությունները տարբերվում են խաղաղ ժամանակ կատարված նույն գործողություններից: Այդ ամենը քննիչից պահանջում է առանձնահատուկ պատրաստվածություն, մտքի ճկունություն, ոչ սովորական իրավիճակներում կողմնորոշվելու կարողություն, ինչու ոչ՝ նաև խիզախություն:

-Ո՞րն է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հետագա արդյունավետ աշխատանքի Ձեր տեսլականը։

-Զինվորական քննչական գլխավոր վարչության և անձամբ իմ տեսլականը մեկն է՝ մասնագիտական որակները բարձրացնելով և ազնիվ աշխատանքով պետք է երաշխավորենք անձի, քաղաքացու և պետության՝ օրենքով նախատեսված շահերի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից: Այդպիսի աշխատանքով է, որ կարող ենք կերտել ամուր պետություն և հասարակություն, նպաստել զինված ուժերում իրավակարգի ամրապնդմանը: