Հարցազրույցներ
25.10.24, 16:59

Քննիչն օրվա մեծ մասը գտնվում է աշխատանքի մեջ․ եթե չսիրես այն և խորապես չգիտակցես դրա սոցիալական նշանակությունը, դժվար թե կարողանաս այդ գրաֆիկով երկար աշխատել. Էդգար Բալոյան

Քննիչն  օրվա մեծ մասը գտնվում է աշխատանքի մեջ․ եթե չսիրես այն և խորապես չգիտակցես դրա սոցիալական նշանակությունը, դժվար թե կարողանաս այդ գրաֆիկով երկար աշխատել. Էդգար Բալոյան


«Քննիչը  օրվա մեծ մասը գտնվում է աշխատանքի մեջ և եթե չսիրես աշխատանքդ, խորապես չգիտակցես դրա սոցիալական նշանակությունը, դժվար թե կարողանաս այդ գրաֆիկով երկար աշխատել, ինչու ոչ` այդ կյանքով ապրել»,-այս մասին Քննչական կոմիտեի հիմնադրման 10-ամյակի առիթով Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդգար Բալոյանը։

«Ներկայացնում է քննիչը» շարքը 2024թ-ի ընթացքում իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում։

-Պարոն Բալոյան, Քննչական կոմիտեն 10 տարեկան է այդ ամբողջ ընթացքում եղել եք համակարգում ի՞նչ ազդեցություն է ունեցել Կոմիտեի ստեղծումն ու գործունեությունը առհասարակ Հայաստանում նախաքննության որակի, քրեական արդարադատության արդյունավետության վրա։ 

-2014թ-ին ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումը բեկումնային փոփոխություններ և նոր որակներ է հաղորդել նախաքննության ընթացքում հանցագործությունների քննության գործըթնացին։ Այդպիսի փոփոխություններից է  այն, որ ՀՀ քննչական կոմիտեի ստեղծումից հետո քննիչների նշանակման ընթացակարգը զգալիորեն բարելավվել է, արդարադատության ակադեմիայում ուսումնառությունը դարձել է պարտադիր, որն էլ իր հերթին նպաստել և նպաստում է նախաքննություն իրականացնող սուբյեկտների գիտելիքների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանը։ Պարբերական բնույթով մշտադիրտարկման արդյունքներով նախաձեռնվում և իրականացվում են համապատասխան բարելավումներ՝ ուղղված ինչպես նախաքննության, այնպես էլ` քննիչների սոցիալական իրավունքների բարելավմանը։ Քննչական կոմիտեի կազմում քննիչն անկախ է օրենսդրությամբ սահմանված իր լիազորություններն իրականացնելիս և որոշումներ կայացնելիս, ինչը էապես ազդել է նախաքննության որակի, քրեական արդարադատության արդյունավետության վրա։ Քննիչների համար ստեղծված են նյութատեխնիկական բոլոր պայմանները, ինչը չի եղել նախքան Քննչական կոմիտեի ստեղծումը, երբ քննչական մարմինը գործում էր հետաքննության մարմնի կազմում կամ գերատեսչական ենթակայությամբ:

-Քրեադատավարական ընթացակարգերի վերջին փոփոխությունը ինչպե՞ս է ազդել Ձեր ծանրաբեռնվածության վրա։ Արդյո՞ք ինչ-որ մեխանիզմներ գործադրվում են դրանք նվազեցնելու նպատակով։ 

-2022թ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում կատարված փոփոխություններն, անխոս, բացասական առումով ազդել են ծանրաբեռնվածության վրա։ Հետաքննության մարմնի բացակայության հետևանքով հանցագործության մասին հաղորդման ստացումից անմիջապես հետո ենթադրյալ հանցագործության դեպքով զբաղվում է քննիչը։ Ընդ որում,  հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ կարող է կազմվել միայն կամ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կամ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ։ Նախկինում, մինչ քրեական գործի հարցումը, օրենքը թույլ էր տալիս հանցագործության մասին հաղորդմամբ նկարագրվող դեպքի ստուգման վերաբերյալ վարութային գործողություններ կատարել, նոր որոշել քրեական գործ հարուցելու հարցը, մինչդեռ առկա կարգավորումները նման լիազորությամբ նախաքննական մարմնին չեն օժտել, ինչն էլ հանգեցնում է քրեական վարույթների աճի և ըստ այդմ՝ քննիչների գերծանրաբեռնվածության։ 

Աշխատանքային ծանրաբեռնվածության թոթափման համար ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քննիչների հաստիքներն ավելացվել են, այժմ վարվում է վարույթները նվազեցնելուն ուղղված քաղաքականություն։ Բացի այդ, կարևորվում է կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը, որի ձևաչափերից մեկն էլ քաղաքացիների առավել իրազեկված լինելուն և իրավագիտակցության բարձրացմանը միտված՝ «Դասը վարում է քննիչը» ծրագրի իրականացումն է, որի շրջանակներում առավել փորձառու քննիչները հանրապետության դպրոցներում դասեր անցկացնելով ավագ դասարանների աշակերտների հետ, փորձում են բացատրել՝ ինչ է հանցագործությունը, որ արարքներից պետք  է խուսափել քրեական պատասխանատվության չենթարկվելու համար։ Որքան իրազեկված լինի երիտասարդությունը, այնքան ավելի քիչ կլինի հանցածին վարքագիծը նրանց կողմից:

-Որո՞նք եք համարում հատկապես ստորաբաժանման հիմնական արդյունքներն ու խնդիրները Ձեր կողմից այն ղեկավարելուց ի վեր։

-Նախ նշեմ որ իմ ղեկավարումից առաջ էլ ստորաբաժանումը գրանցել է դրական արդյունքներ, ինչպես նաև, բնականաբար, ունեցել է խնդիրներ: Իմ ղեկավարումից ի վեր նույնպես գրանցվել են դրական արդյունքներ, որոնք դրսևորվել են ինչպես բաժնի ծանրաբեռնվածության թոթափման, այնպես էլ կատարված մեծ աշխատանքի արդյունքում քննիչների խրախուսումների ձևով: Ստորաբաժանման ղեկավարումն ինձ վստահվելուց ի վեր, կառանձնացնեմ նաև քննիչների պատասխանատվության, աշխատանքի հանդեպ նվիրվածության, պետականամետ մտածողության զարգացումը։ Ինչ վերաբերում է ստորաբաժանման հիմնական խնդիրներին, ապա դրանք նույնանում են մեր գործառույթային պարտականությունների հետ, որոնք էլ ենթադրում են պատշաճ իրավական գործիքակազմի կիրառմամբ հանցագործությունների բացահայտումը, հանցավորներին պատասխանատվության ենթարկելը, հանցագործությունից տուժած անձանց իրավունքների վերականգնումը, որոնք իրագործելի չեն լինի, եթե մենք չկարողանանք իրականացլեն որակյալ նախաքննություն։ Իսկ այդպիսի արդյունք ունենալու համար անդադար պետք է կատարելագործենք մեր ունակությունները, ձեռք բերենք նոր գիտելիքներ՝ հանցավորության դեմ պայքարի ժամանակակից մեթոդաբանությանը և գործիքակազմին տիրապետետելու և կիրառելու համար։ Սրանք են մեր առաջնային խնդիրները, որոնք, կարծում եմ, ընդհանրական են առհասարակ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների համար։  

-Օրեսդրական ի՞նչ բացեր եք նկատել, որոնց լուծումը կարող է առավել արդյունավետ դարձնել նախաքննությունն ու քննիչի աշխատանքը։

-Քննչական կոմիտեն իր կազմում ունի իրավաբանական վարչություն, որը պրակտիկ խնդիրների վերլուծության հիման վրա ուսումնասիրում է օրենսդրությունը և օրենսդրական բացեր լինելու դեպքում հանդես է գալիս տարբեր առաջարկություններով, իհարկե, հիմք ընդունելով նաև ստորաբաժանումների կողմից բարձրաձայնված առաջարկները: Քննչական կոմիտեն այս պահին նույնպես նախապատրաստում է օրենդրական փոփոխությունների փաթեթ, որոնց ներդրումը էլ ավելի արդյունավետ կդարձնի քննիչի աշխատանքը: Քանի որ նախապատրաստվող օրենսդրական փաթեթը դեռ կյանքի չի կոչվել, ուստի նպատակահարմար չեմ համարում այս պահին դրա բովանդակությանն անդրադառնալը:

-Պարոն Բալոյան, շուրջ 12 տարի է՝ համակարգում եք։ Ինչպե՞ս եք որոշել այս ուղին ընտրել։ Ո՞րն է այսքան տարի համակարգում մնալու ձեր մոտիվացիան։

-Մասնագիտության ընտրությունը պայմանավորված է եղել նրանով, որ ինձ  վաղ տարիքից հետաքրքրել է իրավաբանությունը, առավել ևս քրեաիրավական ուղղվածությունը, որով պայմանավորված էլ ընտրել եմ քննիչի աշխատանքը:  Ինձ համար քննիչի աշխատանքի գրավչությունը կայանում է նրանում, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները օգտագործելով քննիչը կարողանում է բացահայտել հանցագործությունը, հիմնավորել կամ հերքել անձի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարումը, վերականգնել տուժողին, պետությանը պատճառված վնասը: Քննիչը  օրվա մեծ մասը գտնվում է աշխատանքի մեջ և եթե չսիրես աշխատանքդ, խորապես չգիտակցես դրա սոցիալական նշանակությունը, դժվար թե կարողանաս այդ գրաֆիկով երկար աշխատել, ինչու ոչ` այդ կյանքով ապրել։ Ուստի իմ մոտիվացիան սերն է առ աշխատանքս, պատասխանատվության զգացողությունը հասարակության հանդեպ և օրեցօր քննչական կոմիտեում տեսանելի դրական փոփոխությունները։ 

-Սկզբում աշխատել եք Կոտայքի մարզում, այնուհետև Երևանում։ Ի՞նչ առանձնահատկություններ ունեն բնակավայրերը՝ աշխատանքի տեսանկյունից։

-Ըստ էության, Կոտայքի մարզում և մայրաքաղաք Երևանում քրեական վարույթներով իրականացվող նախաքննությունը էապես չի տարբերվում: Բոլոր այն հանցատեսակները որոնք հանդիպում են Երևան քաղաքում, հանդիպում են նաև Կոտայքի մարզում: Ինչ վերաբերում է առանձնահատկություններին, ապա երկար տարիներ աշխատելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, կարող եմ ասել, որ նշված քննչական բաժնի կողմից սպասարկվող տարածքը էականորեն ավելի մեծ է, ինչը ավելի ժամանակատար է դարձնում դեպքի վայր հասնելը և դրանով պայմանավորված հետագա քննչական գործողությունների կատարումը, որպիսի խնդրի չես հանդիպում Երևան քաղաքում: Բացի այդ առանձնահատկություն եմ համարում նաև այն հանգամանքը, որ մարզային ստորաբաժանումներում, այդ թվում Կոտայքի մարզում, ճանապարհատրանսպորային պատահարների դեպքերով նախաքննությունը իրականացնում են հենց մարզի քննիչները, իսկ Երևան քաղաքում զբաղվում է մասնագիտացված` Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժինը, անկախ այն հանգամանքից, թե որ վարչական շրջանում է տեղի ունեցել դեպքը:

-Եղե՞լ են դեպքեր, երբ Ձեր կողմից քննված քրեական վարույթի հետ կապված ուղղակի կամ անուղղակի սպառնալիքներ եք ստացել։ Ի՞նչ եք արել նման դեպքերում (Ի՞նչ կանեիք նման դեպքերում)։

-Իմ աշխատանքային պրակտիկայի ընթացքում նման իրավիճակներում չեմ հայտնվել։ Բնականաբար, եղել են դեպքեր, որ քրեական վարույթներով անձանց մեղավորությունը հիմնավորելուց հետո, երբ նրանք ձեռք են բերել մեղադրյալի կարգավիճակ, ագրեսիվ պահվածքով արտահայտել են իրենց դժգոհությունները, որը սաստվել է իմ կողմից և այդքանով ավարտվել է: 

-Փողոցում երբևէ հանդիպե՞լ եք Ձեր կողմից քննված գործերով մեղադրյալների կամ դատվածությունը մարած անձանց, ինչպե՞ս են նրանք իրենց դրսևորել։

-Այո, նման դեպքեր եղել են, քանի որ երկար տարիներ աշխատել եմ նույն քաղաքում որտեղ և բնակվել եմ, խոսքը Աբովյան քաղաքի մասին է: Բոլոր դեպքերում հարգանքով բարևել, որպիսություն են հարցրել, որից հետո շարունակել են իրենց ճանապարհը։ Երբևէ չի եղել դեպք, որ փողոցում պատահական հանդիպելիս նրանցից որևէ մեկը իմ անձի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորի: 

-Որո՞նք եք համարում քննիչի աշխատանքի ամենագրավիչ և ամենառիսկային կողմերը։ 

-Քննիչի աշխատանքը մտքի, ստեղծագործելու աշխատանք է, որը զուգորդված է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Անձամբ ինձ համար քննիչի արդյունավետ աշխատանքի գրավականներից մեկն անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերհանումն է։ Քննիչի մասնագիտությունը, չեմ վախենա ասել, միակ մասնագիտությունն է, որը սերտորեն առնչվում է ինչպես իրավունքի մյուս ճյուղերի, այնպես էլ այլ գիտությունների հետ, օրինակ՝ ճարտարապետության, հոգեբանության, հոգեբուժության, բժշկության,  և հենց այս հանգամանքով պայմանավորված՝ հմուտ քննիչ դառնալու համար բավարար չէ միայն քրեական արդարադատության ոլորտում գիտելիքի առկայությունը։ Գրավիչ է նաև այն, որ քննիչների արդյունավետ աշխատանքի համար ստեղծված են նյութատեխնիկական բոլոր պայմանները, ինչպես նաև քննչական կոմիտեի ստեղծումից հետո շոշափելի բարձրացած աշխատավարձը: Քննիչի աշխատանքի ամենառիսկային ասպեկտների մասին խոսելիս առաջին հերթին կցանկանամ նշել հնարավոր սխալվելու հավանականությունը մենք գործ ունենք մարդկանց ճակատագրերի հետ, մի կողմից ենթադրյալ հանցանք կատարած անձի, մյուս կողմից` պետության օգնությանն ապավինող տուժողի և այս երկու ճակատագրերի միջնամասում պետք է թե՛ էմոցիոնալ, և թե՛ ճշտի ու սխալի խորը հասկացողության պայմաններում գործես օրենքի տառին և էությանը համապատասխան։

-Ո՞ր գործերն են ձեզ համար առավել ծանր հատկապես հոգեբանական առումով։ Երբևէ հայտնվե՞լ եք այնպիսի իրավիճակում, երբ ձեր բարոյական սկզբունքները մարդկայնորեն հակադրվեն իրավական անհրաժեշտ լուծումներին։ 

-Հոգեբանական առումով առավել ծանր են երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունները, հատկապես երբ նրանց խնամքի համար պարտականություն կրող անձի կողմից են դրանք կատարվել։ Նմանատիպ դեպքերում մեզ համար առաջնայնությունը ոչ միայն օբյեկտիվ քննության իրականացնումն է լինում, այլ նաև կրկնակի զոհացումից խուսափումը, ինչպես նաև երեխայի մոտ պաշտպանվածության զգացման վերածնումը։ Իրավապահ համակարգում աշխատանքային գործունեությունս սկսել եմ ավելի երիտասարդ տարիքում և ըստ այդմ, իմ սկզբունքները և բարոյական արժեքները ձևավորվել են օրենքի պահանջներին համահունչ, քանի որ օրենքը ոչ այլ ինչ է, եթե ոչ սոցիալական արժեքների պահպանմանն ու պաշտպանությանն ուղղված նորմերի համակցություն։ Օրենքներում առկա կարգավորումները համապատասխանում են այն հասարակության մենթալիտետին, որում դրանք կիրառվում են և ըստ այդմ՝ դեռևս նման խնդրի չեմ բախվել։ 

-Կարո՞ղ եք հիշել Ձեր աշխատանքային գործունեության մեջ Ձեզ համար ամենատպավորիչ, չմոռացվող գործը։

-Հաշվի առնելով, որ երկար տարիներ քննել եմ տարաբնույթ հանցագործության դեպքերով քրեական վարույթներ և բախվել զանազան իրավիճակների, ուստի և առանձնացնել դրանցից մեկը կամ մի քանիսը չեմ կարող: Իմ կարծիքով յուրաքանչյուր քննիչի համար տպավորիչ և չմոռացվող են այն բոլոր քրեական վարույթները, որոնցով իրականացված նախաքննության, քրտնաջան աշխատանքի, անքուն գիշերների արդյունքում կարողացել է հասնել օբեկտիվ ճշմարտության բացահայտմանը: