Իմ ամենամտերիմ ընկերը օրինականությունն է․ Յուրա Իվանյան
ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, սակայն՝ լավ։ Այս կարծիքն Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում իր կարծիքը հայտնեց վարչության պետը՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Իվանյանը։
–Պարոն Իվանյան, քննիչների գերծանրաբեռնվածության պայմաններում ինչպես եք գնահատում Ձեր ղեկավարած ստորաբաժանման արդյունավետությունը։ Ինչ քանակական և որակական ցուցանիշներ կարող եք նշել՝ կապված 2022թ․ գործունեության հետ։
-Ներկայիս գերծանրաբեռնվածության պայմաններում իմ ղեկավարած քննիչների աշխատանքը գնահատում եմ գերազանց: Նախ վարչությունը ձևավորվել է 2022 թ. hուլիս ամսից և հենց ստեղծման օրվանից քրեական վարույթների «տեղատարափ» տեղի ունեցավ: Բայց արդարացիորեն պետք է նշել, որ ստորաբաժանման քննիչները դրսևորեցին բարձր պրոֆեսիոնալիզմ և վարույթների քանակը չկարողացավ ազդել նրանց աշխատանքի որակի վրա: Այս պահին էլ ստորաբաժանումն աշխատում է գերծանրաբեռնված: Անպայման ուզում եմ նշել, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում աշխատում են կայացած, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք ոչ միայն կարողանում են դիմակայել աշխատանքային դժվարություններին, խուճապի չեն մատնվում անելանելի վիճակներից, այլև կարճ ժամանակում լուծում են իրենց առջև դրված խնդիրներն ու պահանջները:
-Ձեր գրեթե ողջ աշխատանքային կենսագրությունը կապված է քննչական գործունեության հետ։ Ի սկզբանե նպատակ ունեցե՞լ եք քննիչ աշխատել, թե՞ հանգամանքների բերումով է այդպես ստացվել։
-Իմ դեպքում մասնագիտության ընտրությունը չի եղել հանգամանքների բերումով: Ի սկզբանե նպատակ ունեցել եմ ստանալ իրավաբանական բարձրագույն կրթություն, չնայած մեր ընտանիքում իրավաբաններ չկան: Ինչ վերաբերվում է քննիչին, ապա այդ ցանկությունն իմ մեջ առաջացավ, երբ արդեն սովորում էի ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
-Քննչական կոմիտեում մի շարք կարևոր ստորաբաժանումներ եք ղեկավարել։ Ո՞ր ոլորտում, կամ ինչ բնույթի հանցագործությունների քննության ասպարեզում եք Ձեր պոտենցիալը, թե որպես ղեկավար, թե որպես քննիչ, ավելի արդյունավետ իրացված համարում։
-Կարծում եմ, որ կարևորը քննիչի մասնագիտությունն ու աշխատանքը սիրելն է և նվիրվելը դրան: Եթե սիրում ես քո աշխատանքը, ապա քննչական աշխատանքի այս կամ այն ոլորտը քեզ հնարավորություն է տալիս ներդնել քո ողջ պոտենցիալը:
–Հիմա ղեկավարում եք մի ստորաբաժանում, որը զբաղվում է պաշտոնատար անձանց և հատկապես իրավապահների կողմից կատարվող հանցագործությունների քննությամբ։ Քննչական մարմնում երկար տարիների Ձեր փորձը, ձեռք բերած շրջապատը, կապերը չեն կաշկանդու՞մ վարույթների օբյեկտիվության ապահովման առումով։
-Բնավ չի կաշկանդում, կամ խանգարում: Ես միշտ կանգնած եմ հայրենիքին նվիրված սպայի կողքին: Ինձ ճանաչողներն էլ գիտեն, որ իմ ամենամտերիմ ընկերը օրինականությունն է: Եվ ելնելով դրանից՝ այն անձինք, ովքեր անմիջականորեն շրջապատում են ինձ՝ լինեն անձնական, հարազատական միջավայրից, թե աշխատանքային հարաբերությունների բերումով, մի կողմից ձգտում են այնպիսի վարքագիծ չդրսևորել, որը զուտ բարոյապես կարող է խնդրահարույց լինել թե՛ օրինականության և թե՛ հանրային ընկալման տեսանկյունից, իսկ մյուս կողմից՝ ձեռնպահ են մնում այդ կապերը շահագործելու փորձերից, որովհետև անիմաստ է։ Ես կարծում եմ՝ ցանկացած իրեն հարգող պետական ծառայողի, առավել ևս սպայի համար իր անցած ճանապարհի անաղարտությունը պետք է թանկ լինի։
-Պարոն Իվանյան, հանրության շրջանում որոշակի կարծիք կա, որ առերևույթ հանցանք կատարած իրավապահների նկատմամբ ավելի խնայող, մեղմ վերաբերմունք կա։ Օրինակ՝ խոշտանգման դեպքերից հատուկենտներն են, որ դատարան են հասնում։ Նման կարծիքների իրավական հիմքեր կա՞ն, ի՞նչ է պահանջվում նախաքննական մարմնից, որ նմանատիպ կարծիք չձևավորվի։
-Ճիշտ է, նմանատիպ վարույթներից բավական թվով վարույթներ կարճվում են։ Սակայն պետք է նշել, որ ոչ թե ընտրովի կամ հատուկենտ գործեր են ուղարկվում դատարան, այլ անխտիր այն գործերը, որոնք օբյեկտիվորեն ունեն դատական հեռանկար: Իսկ նախաքննական մարմիններից միայն մեկ բան է պահանջվում․ կատարել անաչառ և համակողմանի քննություն, որպեսզի վարույթի ելքը որոշող ցանկացած դատավարական որոշում, անկախ նրանից՝ դա կլինի մեղադրական կամ ռեաբիլիտացնող տրամաբանությամբ, հիմնավորվածության տեսանկյունից կասկածներ չթողնի։ Իմ խորին համոզմամբ՝ նախաքննական մարմինը, լայն իմաստով՝ իրավապահ և դատական համակարգը ոչ թե պետք է հանրային տրամադրություններով, մտայնությունների առկայությամբ կամ բացակայությամբ առաջնորդվի, այլ բացառապես օրենքի և իրավունքի պահանջով։ Դա է պահանջում նաև իրավական պետության գաղափարաբանությունը։
-Ձեր երկարատև աշխատանքային գործունեության ընթացքում ունեցե՞լ եք դեպքեր, երբ կոնկրետ ձեր կողմից քննված գործով անձը դատապարտվել է ազատազրկման և հետագայում տեսել կամ զգացել եք, որ դրական ազդեցություն եք ունեցել նրա կյանքում։
-Բազմաթիվ են եղել դեպքեր, երբ իմ քննած գործերով մեղադրյալները ազատազրկման վայրից ազատվելուց հետո առաջինը եկել և հանդիպել են ինձ: Կա ամենակարևոր չափանիշը, որ քննիչի գրչի հարվածով, երբեք, ոչ մի դեպքում չպետք է անմեղ մարդը դատապարտվի կամ ենթարկվի հետապնդման ու զրկանքների:
-Երկու երեխա ունեք։ Որպես հայր՝ կցանկանայի՞ք հետագայում նրանց տեսնել քննչական համակարգում և ինչու։
-Կցանկանայի, բայց՝ այնպես, ինչպես ես եմ ընտրել իմ մասնագիտությունը։ Ինչպես նշեցի, մեր ընտանիքում իրավաբաններ չեն եղել և ինքս եմ որոշում կայացրել։ Նույն կերպ, կարծում եմ, պետք է հնարավորություն տանք մեր զավակներին իրենց ցանկությամբ ընտրել իրենց մասնագիտությունը: Եթե սիրում ես քո աշխատանքը, ապա դժվարություններն էլ հաղթահարում ես հաջողությամբ, իսկ չսիրված աշխատանքը լրացուցիչ տանջանք է:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացնել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: