Համարձակ, իր աշխատանքին տիրապետող կին քննիչը խնդիրներ չի կարող ունենալ․ Արմինե Գևորգյան
Կանանց միջազգային օրվա առթիվ Iravaban.net-ը «Ներկայացնում է քննիչը» շարքի շրջանակներում զրուցել է Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն ՀԿԳ ավագ քննիչ Արմինե Գևորգյանի հետ։ Նա չորս երեխաների մայր է ու չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը՝ երբեք չի փոշմանել մասնագիտության ընտրության հարցում։
-Քննչական կոմիտեում առավել շատ տղամարդիկ են աշխատում. այս առումով որևէ դժվարության հանդիպե՞լ եք Ձեր աշխատանքի ընթացքում։
-2007 թվականից այս համակարգում եմ և երբևէ այդ առումով դժվարության չեմ հանդիպել: Յուրաքանչյուր աշխատակից՝ լինի կին, թե տղամարդ, իր վարքագծով և կատարած աշխատանքով որոշակի վերաբերմունք է ձևավորում իր շուրջ, որից էլ անմիջականորեն կախված է այն, թե ինչպես իրեն կզգա տվյալ միջավայրում կամ ինչպիսի դժվարությունների կհանդիպի:
Ինձ համար այս կառույցն ընտանիքի պես մի տեղ է, հետևաբար նույնն է, թե խոսք գնա այն մասին, թե ինչ դժվարությունների կարելի է հանդիպել ընտանիքում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե կին քննիչի համար դժվար է այս աշխատանքը կատարել, միջավայրին ընտելանալ, սակայն դա ամենևին էլ այդպես չէ, եթե սիրում ես աշխատանքդ ու պատասխանատվությամբ ես վերաբերվում աշխատանքիդ։
Ներկայումս կանայք ավելանում են Քննչական կոմիտեում և դա միայն ուրախացնում է ինձ:
-Տղամարդկանց կոլեկտիվում աշխատելը, հատկապես նման ոլորտում, ի՞նչ բարդություններ ունի։
-Միշտ նկատել եմ, որ տղամարդկանց մեջ թերահավատություն և անվստահություն կա քո անձի, գիտելիքների ու կարողությունների հանդեպ։ Սակայն դա միայն ժամանակի հարց է, հավասար պայմաններում աշխատելուն զուգահեռ իրենց վերաբերմունքը ինքնըստիքյան փոխվում է:
-Ի՞նչ խնդիրների են բախվում կին քննիչները։
-Քննիչի աշխատանքն ինքնին բարդ է։ Միայն քրեադատավարական նորմերին տիրապետելը բավարար չէ քննիչի առջև դրված, օրենքով սահմանված գործառույթները պատշաճ իրականացնելու համար։ Մեր աշխատանքի ընթացքում հաճախակի են լինում անկանխատեսելի իրավիճակներ, սուղ պայմաններ, ելակետային որոշումներ կայացնելու անհրաժեշտություն պահանջող պահեր: Կամք ու տոկունություն է անհրաժեշտ նման խնդիրները հաղթահարելու համար։
Համարձակ, իր աշխատանքին տիրապետող կին քննիչը խնդիրներ չի կարող ունենալ։
-Հիմա քիչ չեն դեպքերը, երբ քննիչները թողնում են իրենց աշխատանքն ու հաճախ սկսում են փաստաբանությամբ զբաղվել։ 2007-ից համակարգում եք, ինչն է Ձեզ մոտիվացնում, գրավում այս աշխատանքում։
-Կարծում եմ` նախասիրության խնդիր է միայն: Տարբեր կառույցներ տեղափոխվելու առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն որպես քննիչ աշխատելու իմ մոտիվացիան մեկն է․ ես սիրում եմ իմ աշխատանքն ու այս կառույցը, որը ինձ համար երկրորդ ընտանիք է դարձել։
-Ընտանիք, քննիչի աշխատանք․ ի՞նչ դժվարություններ կան այս առումով ու ինչպե՞ս են ընդունում ընտանիքի անդամները Ձեր աշխատանքը։
-Ամուսինս զինվորական է, երկուսիս աշխատանքն էլ բարդ է և պատասխանատու, այս գիտակցմամբ մենք միմյանց գրաֆիկներին ըմբռնումով ենք մոտենում։
Սովորաբար աշխատանքս ուշ եմ ավարտում, բայց երբ հասնում եմ տուն՝ միայն ընտանիքին եմ նվիրվում։ Իմ սկզբունքը մեկն է. աշխատանքի վայրում հնարավորինս մոռանալ, որ ունես ընտանիք, իսկ ընտանիքում մոռանալ, որ աշխատում ես։ Իհարկե, այնպես չէ, որ հնարավոր է աշխատավայրում մոռանալ ընտանիքի մասին, սակայն՝ հաշվի առնելով, որ քննիչի աշխատանքը առավելապես մտավոր աշխատանք է, պետք է կարողանաս կենտրոնանալ աշխատանքի շուրջ: Եթե ես տանն եմ, ապա զբաղվում եմ երեխաներով, նրանց դասերով ու տան հոգսերով։
Հեշտ չէ երկու տարբեր հարթության մեջ ամեն օր ապրել, բայց ստացվում է:
-Բազմազավակ մայր եք, 4 երեխա ունեք։ Ծանրաբեռնված աշխատանքի հետ միասին ինչպե՞ս եք հասցնում զբաղվել երեխաների հոգսերով։
– Ժամանակի ճիշտ պլանավորումը թույլ է տալիս ամեն ինչ հասցնել, իհարկե տատիկի անփոխարինելի օգնությամբ: Մանկուց ցանկացել եմ 4 երեխա ունենալ, ինքս էլ բազմազավակ ընտանիքի անդամ եմ: Իմ երազանքն այդ առումով կատարված է, և ես ինձ երջանիկ կին եմ համարում: Ընտանիքն ինձ համար առաջնային է, պաշտում եմ իմ երեխաներին ու մտածում եմ, որ իմ կյանքն այլ կերպ չէր էլ կարող դասավորվել:
Ընտանիքի և երեխաների առկայությունը մոտիվացնում է քննիչին լավ աշխատելու, քանի որ երբ քո սխալը, բացթողումը կարող է հավասարապես անդրադառնալ քո ընտանիքի վրա՝ դու ավելի զգոն ես լինում, որպեսզի անսխալ աշխատես։
-Ե՞րբ Ձեր երեխաները սկսել են հարցնել՝ ի՞նչ աշխատանք եք կատարում, ինչպե՞ս եք բացատրում նրանց Ձեր մասնագիտությունը։
-Իրենք այնքան լավ գիտեն՝ ես ինչով եմ զբաղվում։ Աշխատանքից տանը չեմ խոսում սովորաբար, սակայն իրենք մեծ հետաքրքրություն ունեն և իրավաբանի մասնագիտության և քննիչի աշխատանքի նկատմամբ:
Այն օրերին, երբ համազգեստ եմ կրում, հպարտության զգացում են ունենում երեխաները։ Ինձ քննիչի դերում ավելի շատ են ընկալում, քան որպես տնային տնտեսուհի։
-Եղե՞լ են պահեր, երբ դժվարությունների առաջ եք կանգնել ու փոշմանել եք ընտրած մասնագիտության համար։
-Երբեք։
-Ձեր աշխատասեղանի վրա սրբապատկերներ կան, ամենայն հավանականությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Ձեր կարծիքով՝ եկեղեցին ու իրավունքը որքանո՞վ են համատեղելի։
– Այո, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Իմ աշխատասենյակում միշտ «Նարեկ» եղել է․ այն, ինչպես գիտենք, հոգին և մարմինը բժշկող գիրք է համարվում: Գուցե ներշնչանք է, սակայն «Նարեկ»-ն ինձ օգնում է: Երբ հոգնում եմ կամ մտքերս խառնվում են, 10-15 րոպե Աստվածաշունչ կամ «Նարեկ» եմ կարդում, դա ինձ հանգստացնում է։
Մեր գործը բավականին նյարդային է թե՛ բուն աշխատանքային գործընթացի, թե՛ փոխհարաբերությունների առումով։ Այս գրքերը իմ փոքրիկ ընդմիջումներն են։
-Երկար տարիներ է՝ համակարգում եք աշխատում։ Ձեր օրոք մի քանի ղեկավարներ են փոխվել։ Քննչական կոմիտեի նախագահի փոփոխությունները քննիչի աշխատանքի վրա որևէ դերակատարում ունենո՞ւմ է։
– Ես Քննչական կոմիտեի ղեկավարների փոփոխությունը, որպես այդպիսին, կտրուկ չեմ զգացել։ Կարծում եմ՝ սա այն բացառիկ կառույցներից է, որ լավ ղեկավարներ է ունեցել ու գործող ղեկավարն էլ լրացնում է մյուսներին։
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է կոմիտեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հարաբերություններում, ապահովում կառույցի աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավումը: Ինձ համար ելակետային է այն, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կառույցի՝ մեր ընտանիքի բարի համբավը բարձր պահի։ Կարևոր է, որ պետական, առավելապես իրավապահ համակարգում ՔԿ նախագահը լինի ազդեցիկ և ընկալված:
Քննչական կոմիտեի ներկայիս նախագահն իմ նշած հատկանիշներն ունի: Ես իրեն ընդունում եմ որպես գիտակ, աշխատասեր, սկզբունքային և ազնիվ մարդու, ով առավելագույնն է անում քննիչի և Քննչական կոմիտեի դերը պետական համակարգում բարձր պահելու, քննիչի սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեն իր ազդեցիկ դերն ունի պետական համակարգում, ինչը շատ կարևոր է:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: