Հարցազրույցներ
15.06.23, 10:11

Հաճախ եմ ինձ հարց տվել՝ երեխայիս հաշվի՞ն եմ աշխատում, թե՞ աշխատանքիս հաշվին եմ երեխայիս խնամում․ քննիչ Նարինե Հովհաննիսյան

Հաճախ եմ ինձ հարց տվել՝ երեխայիս հաշվի՞ն եմ աշխատում, թե՞ աշխատանքիս հաշվին եմ երեխայիս խնամում․ քննիչ Նարինե Հովհաննիսյան

Քննիչը չպետք է մոռանա, որ իր ստորագրությամբ որոշում է մարդու ճակատագիր և անգամ փոքր սխալը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ասաց Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանը։

Նա մեզ պատմել է քննիչի աշխատանքում առկա ռիսկերի, իր առաջին քրեական գործի և փաստաբանների հետ աշխատանքի մասին։

-Տիկին Հովհաննիսյան, երկար տարիներ աշխատել եք ոստիկանության համակարգում, ինչից հետո տեղափոխվել եք Քննչական կոմիտե։ Ձեզ հե՞շտ են տրվել նման փոփոխությունները։

-Այդ փոփոխություններն ինձ համար որևէ խնդիր չեն առաջացրել, որովհետև ինչպես ՀՀ ոստիկանության համակարգում, այնպես էլ Քննչական կոմիտեում զբաղեցրել եմ քննիչի պաշտոնը, կատարել նույն գործառույթները:

-Որո՞նք են Ձեր, որպես քննիչի, ուժեղ կողմերը։

-Գուցե մի քիչ անհամեստ հնչի ինքս իմ ուժեղ կողմերի մասին խոսելը, սակայն կարծում եմ՝ այդ հարցին կարող է օբյեկտիվորեն պատասխանել ղեկավարս, գործընկերներս։ Կարող եմ պարզապես ասել, որ սիրում եմ քննիչի մասնագիտությունը և այդ սերն ինձ իսկապես ուժ է տալիս։ Չես կարող առանց սիրելու և ըստ այդմ՝ առանց նվիրվելու կատարել մի աշխատանք, որն ըստ էության, ապրելակերպ է։ Քննիչն ազատ ժամանակ գրեթե չի ունենում, պետք է պատրաստ լինես զոհաբերել անգամ ամենահարազատ մարդկանց հետ շփումներդ, թողնել նրանց հետ անցկացվող ժամանակիդ ամենալավ պահերը՝ հանուն աշխատանքի:
Բացի այդ, քննիչի աշխատանքը պահանջում է մշտական ինքնակրթություն, հաշվի առնելով անընդհատ նորացող հանցագործությունների, դրանց կատարման նորանոր մեթոդների իրողությունները: Այդ հարցում մեծապես օգնում են Քննչական կոմիտեի կողմից պարբերաբար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները ոչ միայն Հանրապետությունում, այլև՝ Եվրոմիության և ԱՄՆ շրջանակներում, որտեղ հանցագործությունների արդի դրսևորումների դեմ պայքարը ավելի բարձր մակարդակի վրա է: Նման դասընթացները անկասկած ավելի են օգնում առօրյա աշխատանքում:

-Ի՞նչ ռիսկեր է պարունակում քննիչի աշխատանքն առհասարակ։

-Քիչ չեն իրավիճակները, երբ կողմի համար իր նպատակին հասնելը համարժեք է լինում «իդեա ֆիքս»-ի, որին հասնելու համար երբեմն դիմում են ոչ միայն անընդունելի, այլև՝ պարսավելի մեթոդների: Նման իրավիճակներում քննիչը պետք է մնա բարձունքում, իսկ պրոֆեսիոնալ քննիչը պետք է չանձնավորի և իրավիճակին տա իրավական լուծում:
Ցանկացած պարագայում քննիչը չպետք է մոռանա, որ իր ստորագրությամբ որոշում է մարդու ճակատագիր և անգամ փոքր սխալը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել:

-Ի՞նչ խնդիրների են բախվում կին քննիչները։

-Քննիչի աշխատանքը ռիսկային է առհասարակ, սակայն չեմ համաձայնի այն պնդման հետ, որ կին քննիչների աշխատանքն առավել ռիսկային է։ Ըստ իս, յուրաքանչյուր քննիչ իր աշխատանքը կազմակերպելիս բախվում է տարատեսակ ոչ ստանդարտ և անգամ պարբերաբար կրկնվող այնպիսի իրավիճակների հետ, որտեղ կարևոր է ինքնատիրապետումն ու իրավիճակի սթափ գնահատումը:
Կինը, լինի քննիչ կամ այլ մասնագետ, առաջին հերթին մայր է, տան տիկին, այնուհետև՝ քննիչ։ Հաշվի առնելով մեր աշխատանքի բնույթն ու բարդությունները, ինչպիսիք են գիշերային ժամերին դեպքի վայր մեկնելը, երբեմն անհետաձգելի վարույթային և ապացուցողական գործողությունների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուշ ժամերին աշխատանքից տուն վերադառնալը, էապես ազդում են կին քննիչի կենցաղի կազմակերպման վրա։ Որպես կանոն տուժում են երեխաները, ընտանիքի անդամներն ու մերձավորները: Հաճախ եմ ինձ հարց տվել՝ ես երեխայիս հաշվի՞ն եմ աշխատում, թե՞ աշխատանքիս հաշվին եմ երեխայիս խնամում: Ամեն դեպքում, դա այն իրողությունն է, որին, ըստ իս, բախվում է յուրաքանչյուր կին քննիչ:

-Հիշո՞ւմ եք, թե որն է եղել Ձեր աշխատանքային պրակտիկայի առաջին գործը։

-Բնականաբար լավ հիշում եմ, քանի որ այդ գործը որքան էլ պարզունակ կարող էր թվալ (վերաբերվում էր Կապանի մերձակա գյուղերից մեկում ամուսինների միջև ծեծկռտուքին), ինձ համար նոր էր։ Հիշում եմ, որ հենց այդ գործով իմ կողմից կազմակերպված առաջին առերես հարցաքննության ժամանակ տուժողը ուշաթափություն բեմադրեց: Ես այդ ժամանակ շատ վախեցա, անմիջապես կանչեցի ինչպես «Շտապօգնություն», այնպես էլ գործընկերներիս, մի տեսակ մեղավոր էի զգում ինձ։ Սակայն հասկանալով՝ ինչ էր կատարվում իրականում, հանգստացա: Իհարկե, տարիների հեռվից դա թեթևակի միջադեպ է թվում, որի ոչ միայն նման, այլ նաև առավել կատարելագործված իրավիճակների հետագայում ականատես եղա։ Սակայն առաջինը չի մոռացվում:

-Իսկ ո՞րն է եղել կարիերայի ամենահիշվող, նշանակալից գործը։

-Կոնկրետ մեկն առանձնացնել չեմ կարող, սակայն, որպես կանոն հիշվում ու չեն մոռացվում կյանքեր խլած դեպքերը։ Օրինակ՝ վթարները, պատահարները, սպանությունները, բազմադրվագ այն գործերը, որոնց տրամադրում ես երկար ժամանակ և ջանք:

-Կարո՞ղ եք հիշել մի դեպք, երբ Դուք ստիպված եք եղել բարդ որոշում կայացնել որևէ գործով։

-Եղել է նման իրավիճակ, որը վերաբերել է այնպիսի հանցագործության, որը կատարվել էր հանգամանքների բերումով։ Տվյալ դեպքում դու որպես մարդ հասկանում, կարեկցում ես դիմացդ նստած անձին, քո մեջ վերլուծում և ընդունում ես, որ նման դեպք պատահելու դեպքում շատերը, միգուցե, նույն կերպ վարվեին։ Այդուհանդերձ կատարում ես քո աշխատանքը՝ ղեկավարվելով օրենքի պահանջով:

-Ձեր կարծիքով, հասարակության մոտ քննիչի կերպարը ճի՞շտ է ընկալված, ի՞նչ կփոխեիք Դուք։

-Իհարկե, իրավագիտակից հասարակությունը շատ լավ հասկանում է մեր աշխատանքի առանձնահատկությունները և քննիչի կերպարի ձևավորվման վրա դա չի կարող դրական առումով ազդեցություն չունենալ։ Քննիչներն իրենք էլ պետք է իրենց կենցաղավարմամբ, աշխատանքի նկատմամբ բարեխղճությամբ համապատասխանեն պետական ծառայողի և քննիչի բարձր կոչմանը։ Սակայն կան գործոններ, որոնք արհեստականորեն բացասաբար են ազդում քննիչի կերպարի վրա։
Հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումն ու բազմազանությունն օգտագործելով՝ պաշտպանության կողմի ներկայացուցիչները, որպես կանոն, քրեական վարույթների մասին սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում շատ դեպքերում ակնհայտորեն միակողմանի, սխալ կամ ոչ լիարժեք են ներկայացնում դեպքի հանգամանքները։ Այդ կերպ հասարակության մոտ փորձում են տպավորություն ստեղծել, թե քննիչը այս կամ այն շահագրգռվածությունից ելնելով է կայացրել իրենց կարծիքով ակնհայտ սխալ վարույթային ակտ, կամ քննությունը վարում է ոչ օբյեկտիվ: Նման դեպքերում քննիչը, որպես վարույթն իրականացնող մարմին և կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիության, կամ պլանավորվող գործողությունների բնույթը չհանրայնացնելու նախաքննության շահով՝ միևնույն հարթակում նույն եղանակով չի կարողանում և չի ցանկանում պատասխանել։ Անհավասար այս պայմաններում միակողմանի մատուցումը կարող է հասարակության մոտ թյուր կարծիք ձևավորվել, թե քննիչը սխալ է, վախենում է, կամ ասելիք չունի:
Հասկանում եմ, որ այդ վարքագիծը հիմնականում իբրև պաշտպանության, որոշ դեպքերում նաև ինքնագովազդի, երբեմն էլ՝ սեփական թերությունները քննիչի այսպես կոչված ոչ օբյեկտիվության քողածածկույթի տակ արդարացնելու միջոց է ու փորձում ենք ըմբռնումով մոտենալ։ Սակայն կարծում եմ՝ պարկեշտությունը, մասնագիտական էթիկան ու կոռեկտությունը պետք է միշտ առաջնային լինեն։

-Կին քննիչի աշխատանքը ինչպե՞ս է ընկալվում մարդկանց կողմից, ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել։

-Եթե համեմատելու լինեմ, ապա իմ աշխատանքային գործունեության առաջին տարիներին մարդիկ այլ կերպ են ընկալել կին քննիչին. զարմանում էին, ակնածանքն ավելի ընդգծված էր, քան հիմա: Հիմա արդեն արտասովոր ոչինչ չկա, զարմանք այլևս չեմ նկատում։ Իսկ հարգանքի առումով՝ առհասարակ մարդիկ միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժող ու չարացած են դարձել։
Ամեն դեպքում մենք մեր վարքով ու աշխատանքային բարեխղճությամբ ենք ձևավորում մեր նկատմամբ հանրային ընկալումը՝ երկարաժամկետ կտրվածքով։ Այդպես է ձևավորվում քննիչի թողած հետագիծը։ Քննիչը կին լինի, թե տղամարդ, ամեն դեպքում առաջնային չպետք է համարի իր վերաբերյալ հանրային կարծիքի մասին հոգ տանելը։ Նա պետք է, հանուն մարդու, պետության ու արդարադատության, իր ծառայողական պարտականությունները լավ կատարի և դրանք իրենք կխոսեն քննիչի մասին։
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: