«Ուշացած արդարադատությունը» նվազեցնում է խնդրի լուծման արդյունավետությունը․ Կարեն Հովհաննիսյան
Սեփականատերերի կողմից իրենց գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հիմնական պայմանն է սեփականության դեմ ուղղված հանգացործությունների կանխման համար: Այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում ընդգծեց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհաննիսյանը։
Նա նշում է, նաև քաղաքացի-իրավապահ մարմինների համագործակցության կարևորության մասին ու նշում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող հիմնական պայմանները։
-Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ վարչության պետի պաշտոնում համեմատաբար նոր նշանակվելու առթիվ։ Հասցրե՞լ եք յուրացնել ձեր համակարգման ոլորտը, առանձնահատկությունները։
-Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել շնորհավորանքի, հարցազրույցի հրավերի և հարցի համար: Իմ համակարգման ոլորտը և դրա առնաձնահատկությունները նոր չեն ինձ համար, ուստի դրանք յուրացնելու, առկա խնդիրները գույքագրելու և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները պլանավորելու համար առանձնապես երկար ժամանակ չպահանջվեց:
-Կմանրամասնեք, թե ինչպիսին է հանրապետությունում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, դրանց բացահայտման ընդհանուր շարժընթացը և միտումները՝ համեմատած նախորդ տարիների հետ։
-Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարը մշտապես եղել և մնում է ՀՀ իրավապահ համակագի, այդ թվում՝ ՀՀ քննչական կոմիտեի, աշխատանքի հիմնական ուղղություններից մեկը և դրա արդյունավետությունից է նաև կախված հասարակության պաշտպանվածության զգացողությունը և վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ: Անդրադառնալով հարցին՝ պետք է արձանագրել, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները ժամանակին համահունչ և՛ քանակական, և՛ որակական առումով ձևափոխվում են։ Օրինակ խարդախությունների դեպքում առավել մեծ քանակ են կազմում սոցիալական կայքերի կամ տարբեր գույքերի վաճառքների գովազդով զբաղվող կայքերի օգտագործմամբ կատարվող հափշտակությունները, համակարգչային տեխնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցանքները, ինչը հաշվի առնելով՝ ՀՀ քննչական կոմիտեն ևս կատարելագործում է նմանատիպ հանցանքների քննության մեթոդիկան:
- Որո՞նք են սեփականության դեմ ուղղված ամենատարածված հանցավոր ոտնձգությունները ըստ մայրաքաղաքի և մարզերի։ Երկար ժամանակ աշխատել եք Շիրակի մարզում, ավելի քան մեկ տարի՝ Կոտայքի։ Ի՞նչ տարբերություններ կան մայրաքաղաքում և օրինակ՝ Շիրակի մարզում կատարված հանցագործությունների միջև։ Մարզերի և մայրաքաղաքի սոցիալական նկարագրերը ի՞նչ առանձնահատկություններ են մտցնում այս բնույթի հանցագործությունների ընդհանուր պատկերում։
-Դուք չնշեցիք, որ բավական երկար ժամանակ՝ ավելի քան 6 տարի աշխատել եմ նաև Երևան քաղաքի դատախազությունում և տեղյակ եմ նաև մայրաքաղաքում տիրող իրավիճակից: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները ունեն ընդհանրություններ, որոնք բնորոշ են թե՛ մարզերին, թե մայրաքաղաքին, սակայն առանձնահատկություններ այնուամենայնիվ կան: Որպես այդպիսին կարող ենք գնահատել փոքր գյուղական բնակավայրերում ավազակությունների, կողոպուտների և գողությունների անհամեմատ քիչ քանակությունը: Այդ բնակավայրերում, որտեղ գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, նմանատիպ հանցանքներ հազվադեպ են կատարվում, իսկ եղածն էլ որպես կանոն կարճ ժամանակում բացահայտվում է: Միաժամանակ նմանատիպ բնակավայրերի բնակչությունը համեմատաբար հեշտությամբ է հավատում խարդախությամբ զբաղվող անձանց ներկայացրածին և ներքաշվում դրա մեջ՝ հետագայում դառնալով հանցագործությունից տուժած: Օրինակ հեշտությամբ են հավատում վարկեր տրամադրելու հարցում օժանդակելու հավաստիացումներին և դրա դիմաց նախապես գումար են փոխանցում կամ գումարը փոխանցումով տրամադրելու խոստման դիմաց հանցավորին կամ նրա ուղարկած անձին հանձնում են իրենց գույքը կամ վարկ տրամադրելու համար հանցավորին հայտնում են իրենց բանկային քարտի անհատականցնող տվյալները:
-Ի՞նչ դերակատարում ունեն այս հանցագործությունների բացահայտման հարցում տեսախցիկները։ Ի՞նչ եք կարծում, եթե իրավապահ մարմինների կողմից տեսախցիկներ տեղադրվեն/ավելացվեն, օրինակ, բակային տարածքներում, դա կարո՞ղ է զսպող հանգամանք հանդիսանալ պոտենցիալ հանցագործների համար։
-Այո, Ձեր դիտարկումը բավական տեղին է և ներկայումս տեսախցիկները առանձնակի նշանակություն ունեն ընդհանրապես հանցագործությունների, այդ թվում՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ինչպես զսպման, այնպես էլ բացահայտման գործում: Սակայն պետք է նկատել, որ այն պետք է համադրել քրեադատավարական, կրիմինալիստիկական, օպերատիվ-հետախուզական մյուս գործիքակազմի հետ և այդ դեպքում հնարավոր է ակնկալվող արդյունքը ապահովել: Քիչ չեն դեպքերը, երբ տեսագրություններով պարզվել է, որ հանցագործը եղել է դիմակով, սակայն իմ նշած մյուս գործիքակազմի համադրմամբ կարճ ժամանակում հանցագործությունը բացահայտվել է: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից տեսախցիկներ տեղադրելուն, պետք է նշեմ, որ վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեի նաև այլ իրավապահ կառույցների կողմից գործուն միջոցներ են ձեռնարկվել այդ ուղղությամբ և բավական շոշափելի արդյունքներ ունենք: Բացի այդ, շատ կարևորում ենք նաև բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով կահավորելու անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում:
– Որո՞նք են այս բնույթի հանցագործությունների կատարմանը նպաստող հիմնական պայմաններն ու պատճառները՝ ըստ ձեր վերլուծությունների։
-Իմ գնահատմամբ ընդհանրապես հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառները բավական խորքային են և դրա դեմ պայքարը պետք է սկսել մանկապարտեզներից, դպրոցներից, կրթական ծրագրերից որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ լինի իրավագիտակից, իմանա թե ինչ է հանցանքը, գնահատի այն որպես հակաիրավական, հակասոցիալական, ինչպես նաև հակաբարոյական երևույթ, հարգանք տածի և իմանա, թե ինչքան կարևոր դերակատարություն ունի իրավապահ համակարգը: Կցանկանայի մի փոքր փակագծեր բացել և ասել, որ այս ուղղությամբ ևս ՀՀ քննչական կոմիտեն կարևորագույն ծրագրեր ունի, ինչի մասին, կարծում եմ՝ առաջիկայում կիրազեկվի հանրությանը: Ինչ վերաբերում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններին, դրանք տարբեր են, որոնցից կարող եմ առանձնացնել բնակչության սոցիալական վիճակը, գոււյքի ոչ պատշաճ պահպանության պայմանները և այլն:
– Որոնք եք համարում քննությունների իրականացման այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը, ձեր կարծիքով, կարող է նպաստել այս բնույթի հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացմանը, արարքներին տրվող իրավական գնահատականների անխոցելիությանը, հանցագործներին պատասխանատվության ենթարկելուն։
-Ինչպես տեղյակ եք քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքեր են ընդունվել, որոնց կիրառումը, ինչպես և սպասվում էր, դրանցում որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել և այդ ուղղությամբ ևս Քննչական կոմիտեն նախաձեռնողականություն է ցուցաբերում: Շատ կարևոր է նաև քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական պատշաճ գործիքակազմի առկայությունը, քանի որ, ինչպես նշեցի, ներկայումս մեծ թափով զարգացող հասարակական հարաբերությունների հետ միաժամանակ զարգանում են հանցագործությունների կատարման մեթոդները և միջոցները, և շատ կարևոր է, որ իրավապահ համակարգը հետ չմնա այդ զարգացումներից: Հաջորդ խնդիրը, որը կցանկանայի նշել, փորձաքննությունների կատարման սեղմ ժամկետների պահպանման անհրաժեշտությունն է:
Ինչ վերաբերում է հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, ապա կարծում եմ, որ դա առանցքային կարևորություն ունի հանցագործությունների կանխման համար։ Այդ մասով որպես խնդիր կուզենայի առանձնացնել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, քանի որ այսպես կոչված «ուշացած արդարադատությունը» նվազեցնում է նշված խնդրի լուծման արդյունավետությունը:
-Որքան էլ պետությունն իր կանխարգելիչ և պատժողական քաղաքականության խստացմամբ ձգտի բարձրացնել քաղաքացիների սեփականության անձեռնմելիության երաշխիքները, շատ բան նաև կախված է իրենց գույքի պաշտպանության հարցում հենց սեփականատերերի վերաբերմունքից։ Այս առումով խնդիրներ տեսնո՞ւմ եք և որքանո՞վ եք արդյունավետ համարում քաղաքացի-իրավապահ մարմինների համագործակցությունը։
-Այո, ամբողջությամբ համաձայն եմ Ձեր դիտարկման հետ: Սեփականատերերի կողմից իրենց գույքի պատշաճ պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը հիմնական պայմանն է նման հանգացործությունների կանխման համար: Շատ կարևոր է տեսախցիկների, էլեկտրոնային փականների, ահազանգման համակարգերի, լուսավորության ապահովումը: Այս առումով քաղաքացիների և իրավապահ մարմինների համագործակցությունը միանշանակ կարող է ապահովել ակնկալվող արդյունքը: Ընդ որում՝ քաղաքացի-իրավապահ մարմիններ համագործակցությունը շատ կարևոր է ինչպես գույքի պահպանությանն ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներ իրականցնելիս, այնպես էլ՝ արդեն իսկ կատարված հանցագործությունների բացահայտման ընթացքում:
-Կա՞ն արդյոք առանձնահատուկ հմտություններ, գիտելիքներ, որոնցով պետք է օժտված լինի սեփականության դեմ ուղղված հանցագործություններ քննող քննիչը և ի՞նչ է արվում մասնագիտական այդ կարողությունները զարգացնելու համար։
-Իհարկե, ցանկացած տեսակի հանցագործության քննության մեթոդիկան ունի որոշակի առանձնահատկություններ: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթներով նախաքննություն իրականցնող քննիչը պետք է մի փոքր դուրս գա ստանդարտ մտածելակերպից, յուրաքանչյուր դեպքին մոտենա յուրովի, հասկանա, թե ինչ մեխանիզմով է կատարվել օրինակ վստահված գույքի հափշտակությունը, կամ ինչ միջոցներ են կիրառվել բնակարան մուտք գործելիս, որտեղ կարող էր հետքեր թողնել հանցագործը, ինչ ճանապարհով կարող էր հեռանալ, արդյոք դեպքի վայրում կամ այդ ճանապարհին չկան տեսախցիկներ: Նման հմտությունները զարգացնելու համար ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները պարբերաբար անցնում են վերապատրաստման կուրսեր։ Մանավանդ հիմա, նոր օրենսգրքերի առկայության պայմաններում, նման վերապատրաստումները բավականին հաճախակի են և անհրաժեշտ:
-Պարոն Հովհաննիսյան, դուք իրավապահ համակարգում եք արդեն շուրջ 18 տարի, ընդ որում՝ աշխատել եք զգալի չափով հենց քննչական մարմիններում։ Կարող ե՞ք ընդգծել քննիչի մասնագիտությունն ընտրողի երեք պարտադիր հատկանիշ և ինչո՞ւ եք կարծում, որ հենց դրանք են ամենակարևորները։
-Առաջինը պետք է ունենալ պատասխանատվության բարձր զգացում և աշխատասիրություն: Դա անհրաժեշտ է, որպեսզի կարողնաս պատշաճ կատարել քո պարտականությունները: Գիտեք, իմ գնահատմամբ, եթե անձը ունի այդ հատկանիշը՝ բոլոր մյուս խնդիրները լուծելի են: Քննիչի մասնագիտությունն ընտրողին անհրաժեշտ է նաև անձնական, կամային բարձր հատկանիշներ և նվիրվածություն: Յուրաքանչյուր օր քննիչը դեպքի վայրեր մեկնելիս, քննչական գործողություններ կատարելիս հայտնվում է շատ տարբեր իրավիճակներում, շփվում տարբեր հատկանիշներ ունեցող անձանց հետ, և բոլոր դեպքերում նրանից պահանջվում է դրսևորել պրոֆեսինալիզմ, բարձր պահել ինչպես իր անձնական, այնպես էլ քննիչի հեղինակությունը:
– Քննիչի, առավելևս ստորաբաժանման ղեկավարի աշխատանքը չափազանց ծանրաբեռնված է։ Ինչպե՞ս և ինչո՞վ եք լցնում Ձեր ազատ ժամանակը, ունե՞ք արդյոք իրավաբանության հետ չկապված այլ նախասիրություններ։ Ձեր երեխաները հասցնո՞ւմ են չկարոտել Ձեզ։
-Ազատ ժամանակս հիմնականում նվիրում եմ Ձեր կողմից նշված վերջին խնդիրը լուծելուն, այսինքն անցկացնում եմ ընտանիքիս հետ, որ երեխաներս շատ չկարոտեն ինձ: Եթե հասցնում եմ, երբեմն նաև սպորտով եմ զբաղվում, ինչը շատ օգնում է լիցքաթափվել, ինչպես ֆիզիկապես այնպես էլ հոգեբանորեն: Սիրում եմ նաև բնության մեջ ժամանակ անցկացնել, սակայն ցավոք շատ հազվադեպ է դա հնարավոր լինում: Ազատ ժամանակիս որոշակի մասն էլի անցկացնում եմ իրավաբանության հետ կապված՝ գիտական ուսումնասիրություններ և վերլուծություններ անելով, ինչի կարիքը ներկայումս՝ նոր օրենսգրքերի առկայության պայմաններում անհրաժեշտ է:
ՀՀ քննչական կոմիտեի և Iravaban.net կայքի համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնությունը նպատակ ունի հանրությանը պատշաճ կերպով ներկայացանել նախաքննական մարմնի կողմից կատարվող աշխատանքների հիմնական ուղղությունները, անդրադառնալ մինչդատական վարույթի առանձնահատկություններին և հանրային կարևորություն ունեցող այլ հարցադրումների: